Ու՞մ է ԲՀԿ-ն ցանկանում գործուղել Մոսկվա

ԵՐԵՒԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐ,  24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրասիական ինտերգրման և տարածաշրջանային հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների անցած չորս տարիների աշխատանքը պետք է գնահատվի, և, որ ամենակարևորն է, փետրվարին նոր նշանակվող անձանց թեկնածությունների շուրջ քննարկում պետք է լինի։ 
Բանն այն է, որ 2020  թ-ի լրանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի և ԵՏՀ նախարար Կարինե Մինասյանի պաշտոնավարման ժամկետները, իսկ դրանից հետո պաշտոնական Երևանը պետք է երկու նախարարական պորտֆելի համար նոր թեկնածություններ առաջադրի։ 
Հետաքրքիր է, ինչու՞ է Միքայել Մելքումյանը խոսում ԵՏՀ-ում Հայաստանի ներկայացուցիչ-նախարարների թեկնածությունների քննարկման մասին հենց հիմա, երբ այդ նշանակմանը մնացել երկու ամսից էլ ավելի պակաս։ Մամուլում որոշ վերլուծաբաններ այս փաստը պայմանավորում են նրանով, որ ԲՀԿ-ն ինքը ցանկություն ունի թեկնածություն առաջադրել ԵՏՀ-ում որպես Հայաստանի ներկայացուցիչ, ինչը, հաշվի առնելով առկա որոշ իրականություններ, այդքան էլ զուրկ չէ տրամաբանությունից։ Նախ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը լրջագույն մանդատով օժտված մարմին է, որը կանոնակարգում է ամբողջ ԵԱՏՄ գործունեությունը։ Իսկ, եթե հաշվի առնենք այն հրապարակային խոսակցությունները, որ ԵԱՏՄ-ն առավել արդյունավետ դարձնելու համար Հանձնաժողովին անհրաժեշտ է օժտել նոր լիազորություններով, ապա պարզ է դառնում, այն առաջիկայում էլ ավելի կարևոր կառույց է դառնալու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռ չի խոսում ԵՏՀ-ում Հայաստանի ներկայացուցիչների թեկնածությունների մասին, սակայն հաշվի առնելով կադրային ոչ այնքան բարենպաստ վիճակը, ընտրությունը բավական դժվար է լինելու։ Վարչապետի կաբինետն ինքն ունի հավելյալ մասնագիտական խորհրդատվությունների կարիք, ուստի դժվար է պատկերացնել, թե իշխող «Իմ քայլի» թիմից ովքեր կարող է հավակնել ԵՏՀ-ում այս բավական ազդեցիկ պաշտոններին։ 
Բացի այդ, «Բարգավաճ Հայաստանն» իրեն դիրքավորել է իբրև ակնհայտ պրոռուսական ուժ, և հստակ է, որ մեծ ցանկություն կունենա Մոսկվայում այդպիսի մակարդակով ներկայացվածություն ունենալ։ 
24News-ը ժամանակին սկսել էր մի շարք, որտեղ վերլուծվում էին քաղաքական ուժերի կադրային պոտենցիալը, ինչպես նաև հնարավոր ստվերային կաբինետներն իրենց ստվերային վարչապետներով։ 
Եվ այսպես, այդ նույն տրամաբանությամբ, փորձենք հասկանալ, թե ԲՀԿ-ից ո՞վ կարող է հավակնել ԵՏՀ-ում Հայաստանի ներկայացուցիչ լինելուն։ Առաջին թեկնածությունն, ըստ ամենայնի, հենց Միքայել Մելքումյանն է։ Վերջինս ԲՀԿ-ի հարվածային տնտեսագիտական ուժն է, համակարգում է հենց այն հանձնաժողովը, որը զբաղվում է Եվրասիական տնտեսական միությունով, ԱԺ հնաբնակներից է։ Որպես երկրորդ հավակնորդ կարող է հանդես գալ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը։Վերջինս նույնպես տնտեսագետ է և ամբողջացնում է ԲՀԿ-ի խորհրդարանական տնտեսական թիմը։ Հնարավոր թեկնածուներից է նաև նույն կուսակցությունից արդեն նախկին օրենսդիր, կրկին տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, չնայած վերջինս կուսակցությունում այլևս ակտիվ դերակատարություն չունի։ 
Իհարկե, ԲՀԿ-ի ցանկությունը՝ ԵՏՀ նախարար ունենալու հասկանալի է, սակայն մեծ հարց է, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը կցանկանան Մոսկվայում տեսնել իբրև պաշտոնական Երևանի ներկայացուցիչ հենց ԲՀԿ-ի ներկայացուցիչներին։ Համենայն դեպս, խորհրդարանում «Իմ քայլի» և Ծառուկյանի կուսակցության պարբերական դարձած փոխհրաձգություններն այլ բանի մասին են վկայում։