Դիլիջանում հրազենի գործադրմամբ դեպք է տեղի ունեցել․ ոստիկանությունը փնտրում է հանցագործին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

հրազեն

Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղու ավտոգազալցակայանի դիմաց Դիլիջանի 34 և 32-ամյա բնակիչների ու հիվանդանոց տեղափոխված անձի միջև վեճ է սկսվել, որի ընթացքում 34-ամյա տղամարդը ատրճանակով երեք անգամ կրակել է 31-ամյա տղամարդու ուղղությամբ՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնասվածք:
Ձեռնարկվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն: