Ծառայությունից խուսափած անձանց քրեական հետապնդումից ազատելու օրենքն այլևս չի գործի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը 2020 թվականի հունվարի մեկից չի երկարաձգվի: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 12-ի հերթական նիստում։

Նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ օրենքը հանդիսացել է կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ քաղաքական-տնտեսական հիմնավորվածության շրջանակներում պետության կողմից դրսևորված խրախուսական ակտ:

«Օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, ինչի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքի պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետ տարիքը լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը, ինչն արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած, Հայաստանում ապրող քաղաքացիների հանդեպ»,- ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ  թեև օրենքի երկարացում չի լինելու, բայց այդ օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ մինչև դեկտեմբերի 31-ը:

«Մինչ հունվարի մեկը օրենքը ուժի մեջ է, և այն հայրենակիցները, ովքեր համարում են, որ լավ չի, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն այսօր ինքնաթիռի տոմս առնել այս բոլոր պրեցեդուրաները անցնել, և նոր տարին էլ Հայաստանում նշել»,- ասել է վարչապետը։