«Զվարթնոց» օդանավակայանն արձագանքել է ուղևորից 34 000 դրամ պահանջած տաքսու վարորդի դեպքին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

օդանավակայան

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արձագանքել է համացանցում լայն արձագանք ստացած տեղեկությանը, ըստ որի՝ օդանավակայանից հյուրանոց տեղափոխելու համար տաքսու վարորդն ուղևորից պահանջել է 34 000 դրամ: Օդանավակայանը պահանջում է բացահայտել կեղծարարությամբ զբաղվողներին, նշում՝ իրենք աշխատում են կոնկրետ տաքսի ծառայության հետ, որի գնացուցակն օդանավակայանում փակցված է: Լուսանկարում երևացող կտրոնն, ըստ հաղորդագրության, կեղծ է և չի պատկանում օդանավակայանի հետ համագործակցող տաքսի ծառայությանը:

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին` խնդրով զբաղվելու և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտելու համար:

Հարգելի՛ ուղևորներ, Ձեզ ևս հորդորում ենք օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից՝ նման խնդիրներից խուսափելու համար»,- «Զվարթնոց»-ը դիմում է ուղևորներին: