«Գյումրու տուն-ինտերնատը» լուծարվում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Գյումրի

Կառավարության՝ դեկտեմբերի 12-ի հերթական նիստում «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու որոշում է կայացվել։

Ըստ հիմնավորման՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի լուծարման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրի 4.2. գլխի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» դրույթներից, որտեղ ամրագրված է ծառայությունների ապաինստիտուցիոնալացման, համայնքային այլընտրանքային ծառայությունների ներդրման և ծառայությունները ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացի կարևորությունը: Նախագծի մշակումը պայմանավորված է նաև Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ:

Սույն ռազմավարության նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ խնամքի կարիք ունեցող տարեց անձանց ծառայությունների մատուցումն է՝ նրանց շուրջօրյա խնամքը հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով, ինչն ավելի արդյունավետ է: Գործընթացը համահունչ է նաև ոլորտի զարգացման միջազգային մոտեցումներին:

 Ներկա դրությամբ Կառավարությունը որդեգրել է խնամքի ծառայությունները հիմնականում պատվիրակման միջոցով իրականացնելու քաղաքականություն, որն ուղղված է ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը և այս գործընթացն ունի ընդլայնման և զարգացման միտում:

Կազմակերպության լուծարումից գոյացած դրամական միջոցներն կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե, որն ամբողջությամբ կուղղվի տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների իրականացմանը: