ANCA-ն ողջունել է Սենատում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ բանաձևի վավերացումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Անկա

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող Սենատի թիվ 2641 բանաձևի վավերացումը՝ Արտաքին հաարաբերությունների հանձնախմբի կողմից։

18 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ վավերացված բանաձևը Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանում է ենթադրում: Այս մասին գրել է «Ասպարեզը»։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Արամ Համբարյանը նշել է, որ այս բանաձևի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի վավերացումը ցույց են տալիս, որ կոնգրեսականները վերջապես  միահամուռ  դիրքորոշում ունեն հանուն արդարության:

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև է վավերացրել։ Սենատի  բանաձևը սահմանափակումներ է մտցրել Թուրքիայից ամերիկյան զենքեր գնելու, ինչպես նաև ռազմական ծախսերի համար նախատեսված վարկերի վրա։

Նախագծի համահեղինակներից՝ Սենատոր Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Թուրքիայի գործողությունները «չափից ավելի են և անընդունելի»: Խոսքը, մասնավորապես, Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման և ռուսական C-400 համակարգերի գնման մասին է:

Մենենդեսը հիշեցրել է, որ պետք է վավերացվի նաև թիվ 150 բանաձևը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը։