Հայ պատվիրակները տապալել են ադրբեջանցիների՝ ՀԱԷԿ փակման հարցը դնելու փորձը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Գայանե

Թբիլիսիում Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստի ժամանակ հայկական պատվիրակությունը տապալել է ադրբեջանական պատվիրակության՝ ՀԱԷԿ-ի փակման հարց դնելու փորձերը։ Այդ մասին պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը։

«Դժվարությամբ հնարավոր դարձավ կասեցնել ադրբեջանական հերթական նախաձեռնությունը՝ կապված Մեծամորի ատոմակայանի փակման հետ: Ադրբեջանական կողմից ուղիղ բառերով շեշտվում էր, թե իբր ԵՄ-ն պետք է բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում իրականացվեն ատոմակայանի փակման հարցը և գործընթացները: Հենց քվեարկությունից առաջ հանձնաժողովում ձայնի իրավունք վերցցի, և երկար փաստարկներով ներկայացրի, թե ինչու է այս առաջարկությունն անընդունելի:

Նաև ներկայացրինք ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության) զեկույցից հատված, որտեղ հստակ շեշտադրվում է, որ Մեծամորի ատոմակայանն իր անվտանգության մակարդակում բավականին առաջընթաց է ապահովել վերջին 2-3 տարիների ընթացքում», - ասել է Գայանե Աբրահամյանը:

Ըստ պատգամավորի՝ իր փաստարկներն ազդեցություն են ունեցել ներկաների վրա, և բոլոր պատգամավորները՝ բացառությամբ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի, դեմ են քվեարկել հայկական ատոմակայանի փակման առաջարկին։