Ազգը և պետությունը չեն կարող ստորանալ ավազակի առաջ և նրան փրկագին առաջարկել․ «Սասնա Ծռեր»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

սասնա

ԱԺ ընդունած հերթական օրենքով մաֆիայի մաս կազմած ՍԴ անդամներին ըստ էության առաջարկվում է ցմահ պետական կաշառքի դիմաց դադարեցնել իշխանության յուրացումը և պետության զավթումը։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռերը»։

«Ազգը և պետությունը չեն կարող ստորանալ ավազակի առաջ և նրան փրկագին առաջարկել։

Գործող իշխանությունը, պետության զավթումն իրավաքաղաքական առումով արձանագրելու և պետությունը զավթած հանցավոր համագործակցությանը (մաֆիային) Անցումային արդարադատության միջոցով բոլոր լծակներից զրկելու ու պատասխանատվության ենթարկելու փոխարեն շարունակում է լուծումներ փնտրել մերժված համակարգի ներսում։

ԱԺ ընդունած հերթական օրենքով մաֆիայի մաս կազմած ՍԴ անդամներին, ըստ էության, առաջարկվում է ցմահ պետական կաշառքի դիմաց դադարեցնել իշխանության յուրացումը և պետության զավթումը։

Փրկագնով ավազակից ազատվելը թերևս տրամաբանական և ընդունելի է մեկ կամ մի խումբ անձանց պարագայում, սակայն ազգը և պետությունը չեն կարող ստորանալ մի խումբ ավազակների առաջ և, ի սկզբանե ճանաչելով նրանց իշխանությունը, առաջարկել, որ նրանք պետական միջոցներից հատկացվող փրկագնի դիմաց մեծահոգաբար հրաժարվեն իշխանությունից։

Հեղափոխությունը ձախողած «հեղափոխականներն» արդեն փորձում են իրենց կամազրկության ու անկարողության պատճառով առաջացած բացը լրացնել մեր կոլեկտիվ գոյության և պետականության իմաստի՝ ազգային արժանապատվության հաշվին, ինչի հետևանքով կամա թե ակամա խորացնում են պետականության ճգնաժամը։

Համոզված ենք, որ օգտապաշտական մտածելակերպից ծնվող և սնվող այս մոտեցումները երկար չեն ապրելու։

Արժանապատվության մտածելակերպը, որ այսօր ամեն կերպով նսեմացվում ու անտեսվում է, շուտով կյանքի պահանջ է դառնալու՝ իր հետ բերելով առողջ և կենսունակ հասարակական հարաբերություններ ու ինստիտուտներ»,– ասվում է հայտարարությունում։