ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի բոլոր նախագծերը․ վավերացվեց վարկային 4 համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ԱԺ

ԱԺ-ն այսօր ընդունեց արտահերթ նիստի ընթացքում քննարկված բոլոր 10 նախագծերը։

Ընդունվեցին 4 վարկային համաձայանարգրեր, որոնցով Հայաստանն ստանձնեց լրացուցիչ 152 մլն դոլար պարտավորություն: Վարկային 4 համաձայնագրերի դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկեց կողմ, ԲՀԿ-ն՝ դեմ, ԼՀԿ-ն՝ ձեռնպահ։

ԱԺ-ն կողմ քվեարկեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, որին դեմ քվեարկեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ձեռնպահ՝ ԼՀԿ-ն, կողմ՝ «Իմ քայլը»: Նախագիծն ընդունվեց 70 կողմ, 23 դեմ, 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Երեք բացակա պատգամավոր թողել էր իր կողմ ձայները:

Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին կողմ էր քվեարկել 70 պատգամավոր, 3 հոգի թողել էր իր կողմ ձայնը, դեմ՝ 23, ձեռնպահ՝ 14 պատգամավոր:

Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին ևս կողմ քվեարկեց 70 պատգամավոր, այս նախագծին ևս 3 պատգամավոր իր կողմ ձայնն էր թողել: Այս նախագծին դեմ էր քվեարկել 22, ձեռնպահ՝ 15 պատգամավոր: