Հատուկ ջոկատայինները խուզարկում են Ռուբեն Հայրապետյանի բնակարանը և շինությունները․ «ՀԺ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ռուբեն
«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում և նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել և սկսել նյութեր նախապատրաստել։

Մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012–2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը` Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները եւ յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ֆեդերացիան Հայրապետյանի նախագահության ընթացքում շինարարարության համար միլիոնավոր դոլարների պայմանագրեր էր կնքել հենց Հայրապետյանի ընկերությունների հետ։