Աժ պատգամավորները հոտնկայս ծափահարել են Սենատի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

սենատ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անդրադարձել է  ԱՄՆ Սենատի հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

«ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ ԱՄՆ-ն ճանաչեց և դատապարտեց 20–րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի, ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության, իրենց հայրենիքում մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրության կողմից»,-ասել է ԱԺ խոսնակը, ապա խմբակցության անունից ողջունել ԱՄՆ Սենատի, ինչպես նաև դրանից առաջ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի որոշումը:

Ըստ Միրզոյանի՝ այդ կարևոր քվեարկությամբ ԱՄՆ-ն միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը:

ԱԺ նախագահն առանձին երախտիքի խոսք է հղել նաև Ամերիկայում Հայ դատի գրասենյակին և ԱՄՆ-ում հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, որոնք տարիներ շարունակ ջանք չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար:

«Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ուզում եմ ընդգծել նաև մեր հանձնառությունը ջանքեր չխնայելու հայերի  ցեղասպանության ճանաչման և արդարացի հատուցման համար»,-ասել է նա:

ԱԺ անդամները հոտնկայս ծափահարել են բանաձևի ընդունման համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատն ընդունել է հայերի ցեղասպանությունը ճանաչող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված 150-րդ բանաձևը։ Այն ընդունվել է միաձայն, և դրա համաձայն՝ պաշտոնապես մերժվում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է հայերի ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։