«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունը չարդարացված քայլ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

հեռուստատեսություն

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծի շուրջ մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ։

Հայտարարությունում մասնավորապես ասված է․ 

«Դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է իր հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ, որում, ի թիվս այլի, նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հայտարարում ենք, որ այս նախաձեռնությունը ոչնչով չարդարացված քայլ է։ Պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստառադիոընկերության՝ գովազդային շուկայից օգտվել-չօգտվելու հարցը նախկին իշխանությունների օրոք միշտ լուծվել է կամայականորեն՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից ու կոնկրետ բիզնես-խմբերի շահերից, այլ ոչ թե հիմնվելով վստահություն ներշնչող հաշվարկների ու լուրջ փաստարկների վրա։ Որևէ հիմք չունենք ենթադրելու, որ ներկայիս նախաձեռնությունը պայմանավորված է հանրային պահանջով, և այդ նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում ոլորտում մասնագիտացված կառույցների շրջանում։

Արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հետհեղափոխական կառավարությունը կարևոր որոշումներ ընդունելիս և օրինագծեր մշակելիս անտեսում է փորձագիտական հանրույթի հետ դրանք քննարկելու անհրաժեշտությունը։