Ինչպե՞ս է որոշվել, որ քաղավիացիայի կոմիտեում կան անվտանգության նվազման նշաններ․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակություն

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, այս մասին Մարուքյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին հետևյալ հարցի կապակցությամբ․

Եվրոպական միության պաշտոնական կայքում դեկտեմբերի 09-ին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խիստ քննության՝ անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով։

Հարցը չափազանց կարևոր է, քանի որ նման հանգամանքներն իջեցնում են մեր երկրի վարկանիշը, ինչն իր հետ բերում է նաև զբոսաշրջության նվազեցում։

Ավելին, քաղաքացիական ավիացիայում անվտանգության վերահսկողության նվազումն ընդհանուր անվտանգության խնդիր է, և հետևանքները կարող են վերաբերել յուրաքանչյուր քաղաքացու

Ըստ այդմ՝ Տիկին Ռևազյանից խնդրել եմ բացատրություն, թե՝ ինչ փաստերի կապակցությամբ է որոշվել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կան անվտանգության վերահսկողության նվազման նշաններ, ինչ միջոցներ է ձեռք առնում կոմիտեն այս ուղղությամբ դրությունը շտկելու նպատակով»,-գրում է Մարուքյանը։

Հասարակություն