ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո ԱՄՆ Հայ Դատի արևմտյան գրասենյակը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ։ Ողջունելով Սենատի որոշումը՝ Հայ Դատը նաև մատնանշել է այն կարևոր ուղերձներիը, որոնք ըստ իրենց պարունակում է այս որոշումը։ Գրել է Ermenihaber-ը։
«Պատմության մեջ առաջին անգամ է, որ Սենատը իր պաշտոնական դիրքորոշումն է հայտնում այս կարևորագույն պատմական հարցի կապակցությամբ։
Ներկայացուցիչների Պալատի 296-րդ և Սենատի 150-րդ բանաձևերը միմյանցից անկախ են՝ արտահայտելով առանձին պալատների դիրքորոշումները և ընթացակարգով չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ օրենսդիր իշխանությունը ամբողջովին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը՝ ևս մեկ քայլ առաջ տանելով համայն հայության պայքարը ուղղված պատմական ճշմարտությանն ու արդարությանը։
Միանման երկու բանաձևերը ունեն երեք կարևոր ուղերձ՝
1. Բացառում են ԱՄՆ-ի մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը
2. Խրախուսում են ԱՄՆ-ի շարունակական ոգեկոչման ու ճանաչման միջոցառումները՝ միտված հիշատակելու այս մարդկության դեմ կատարված միջազգային հանցագործությունը
3. Աջակցում են ԱՄՆ հանրակրթական հաստատություններում Հայոց Ցեղասպանության առարկայի դասավանդումը՝ կանխարգելելու մերօրյա նմանօրինակ հանցագործությունները։
ԱՄՆ Սենատը օժտված է դեսպանների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումների հաստատման ուժով, ուստի բոլոր առաջադրվելիք թեկնածուները պետք է այլևս հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես վտանգի ենթարկելով իրենց իսկ հեղինակությունն ու աշխատանքը»,-նշված է հայտարարության մեջ։