Մտել էր թոշակառուների բնակարաններ ու 1 միլիոն դրամից ավելի փող գողացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ օգնություն բաժանելու պատրվակով մտել 95-ամյա մի թոշակառուի բնակարան ու գողացել 900․000 դրամ։ Բացի այդ թոշակառուին է տվել 13 հազար ռուբլի հուշանվեր թղթադրամ՝ փոխարենը վերցնելով 40 հազար դրամ։

Բաժնում նույնաբովանդակ ահազանգեր ստացվեցին նաև նոյեմբերի 23-ին և դեկտեմբերի 4-ին։ Առաջին դեպքում գողացել էր 300 հազար դրամ և 200 դոլար, իսկ երկրորդ դեպքում՝ 110 հազար դրամ ու 11 հազար ռուբլի։ Տուժողները դարձյալ միայնակ բնակվող թոշակառուներ էին։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ երեք դեպքում էլ գողությունները կատարել է նույն անձը։ 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքերի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։