ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Թուրք հայտնի պատմաբան և ցեղասպանագետ Թաներ Աքչամը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից հետո, Սենատը նույնպես ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սա պատմական որոշում և պատմական օր է ոչ միայն հայերի, այլ նաև Թուրքիայի ժողովրդի և բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ճշմարտության և արդարության համար։
Գրվում է, որ որոշումը պետք է հաստատման ուղարկվի և նմանատիպ այլ բաներ: Բայց այս որոշումը հաստատման ենթակա որոշում չէ: ԱՄՆ-ի ղեկավար 3 մարմիններից երկուսը՝ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, արդեն ճանաչել են ցեղասպանությունը, և եթե Թրամփը թեկուզ մեկ անգամ չարտաբերի «ցեղասպանություն» բառը, միևնույն է, իրավական տեսանկյունից կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը տարբերվում է այլ երկրների ճանաչումից: Սպասվում է, որ ԱՄՆ դատարաններում իրար հետևից դատական գործեր կսկսվեն, որոնք գլխացավանք կդառնան Թուրքիայի համար: Տեսնենք, թե ինչպես կարձագանքի Թուրքիան»,- գրել է Աքչամը: