LՂ հակամարտության կարգավորման գործընթացում որևէ փաստաթուղթ չի քննարկվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում որևէ փաստաթուղթ այս պահին չեն քննարկում: Այս մասին ասուլիսում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի տված հարցազրույցին:

«Բազմիցս ենք նշել, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում»,- ասել է Նաղդալյանը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում կային տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր:

 «Չէի ցանկանա համարել, որ իրենց կողմից կար տեխնիկական վրիպակ, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»,- Մամեդյարովի հարցազրույցի վերաբերյալ ասել է Նաղդալյանը։