Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազություն. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Արսեն

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու: Այդ մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը: 

«ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբլոյանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: 13.12.2019 թ.-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով`մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացում) եւ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրած չհեռանալու մասին ստորագրությունը։ Բաբլոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նույն քրեական գործով Արսեն Բաբայանը մեղադրում է պաշտոնեական կեղծիք կատարելու և  իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ: Բաբայանի նկատմամբ ի սկզբանե ընտրված էր խափանման միջոց կալանավորումը, որը հետագայում փոխարինվեց անձնական երաշխավորությամբ։