ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդին կանչել է ԱԳՆ՝ ԱՄՆ Սենատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմամբ պայմանավորված։ Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը:
«Մեր նախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը՝ 1915 թվականի դեպքերի վերաբերյալ բանաձևի ընդունման պատճառով: Արտգործնախարարի տեղակալ Սեդաթ Օնալը նրան է փոխանցել այդ որոշմանը մեր արձագանքը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել որում ասված էր․
«Իշխանության դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն արտացոլվել են անցած ապրիլին նախագահի (Դոնալդ Թրամփի) կատարած վերջին հայտարարությունում»։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։