Ոստիկանության մայորը ապօրինի երկարաձգել է քաղաքացիների զենք կրելու թույլտվության ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել են ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված ապօրինությունները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տեղեկությունների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը քաղաքացիների անվամբ գրանցված զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետների երկարաձգման ու զենքերն այլ անձանց անվամբ հաշվառելու գործընթացները կազմակերպել է առանց համապատասխան ընթացակարգերի պահպանման՝ կատարելով ապօրինի գործարքներ։ Պարզվել է նաև, որ ոստիկանության մայորը ապօրինի կերպով երկարաձգել է Հայաստանից բացակայող քաղաքացիների զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետները։

Բացի այդ, երբեմն քաղաքացիների փոխարեն ինքն է ձեռք բերել բժշկական փաստաթղթեր։

Այսպիսով, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ծառայողական քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել կաշառք տալու և ստանալու, ինչպես և փաստաթղթերի կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ։ Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: