Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

քաղաքական

Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից հետո հերթական անգամ համոզվում եմ, որ նա շարունակում է տարածել սուտն ու կեղծիքը, հիմա էլ հանրային դաշտում։

Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) հայտարարությանը։

Հիշեցնենք, որ վերջինս երեկ երեկոյան հյուրընկալվելով «Պրեսսինգ» հաղորդաշարին, հայտարարել , թե իր նախկին ընկեր, այժմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իր ընկերներից մեկի միջոցով խնդրել է իրեն փոխանցել, որպեսզի վերջինս լքի երկիրը, քանի որ վարչապետը հրաման է տվել, որ իրեն ձերբակալեն։

Վարչապետի խոսնակը նշեց, որ հանրությունը շատ լավ գիտի Հայրապետյանի արածն ու չարածը. «Ռուբեն Հայրապետյանի արածն ու չարածը, իր մասնակցությունը ընտրական պրոցեսներում հանրությունը շատ լավ գիտի, և իր վաստակած անունը, որով հանրությունն իրեն ճանաչում է, խոսուն վերաբերմունք է իր նկատմամբ»։

Նշենք, որ Հայրապետյանի այս հայտարարությանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր նաև Անդրանիկ Քոչարյանն ու նշել, որ նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ և Հայրապետյանը փորձում է տարածել դատարկ կեղծիքներ։

«Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել»` չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու: Դուք,մշտապես ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին»,-գրել է Քոչարյանը: