Ռուբեն Բալաբանյանն ընտրվել է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

ՀԽ

Դեկտեմբերի 14-ին ՀՀ Հանրային խորհրդում կայացել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Նիստը նախագահել են Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Արմեն Տեր-Տաճատյանը:

Հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ՝ Խաչատուր Մարոզյանը, Ռուբեն Բալաբանյանը և Օլեգ Դուլգարյանը:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Բալաբանյանը ձայների մեծամասնությամբ ընտրվել է հանձնաժողովի նախագահ:

Ռուբեն Բալաբանյանը փաստաբան է: 1980-90 թթ. եղել է Երևանի Սպանդարյանի շրջանի ժողովրդական դատարանի դատավոր, 1990-96 թթ.՝ նույն դատարանի նախագահ: 2014 թ. հիմնել է «Իրավաբան վետերաններ» հասարակական կազմակերպությունը, նաև Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամ է: