Օդանավակայանից Հանրապետության հրապարակ տանելու համար պահանջել են 30 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Երեկ՝ դեկեմբերի 15-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները , ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ Հանրապետության հրապարակից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Ավստրալիայի քաղաքացի, Երևանում ժամանակավորապես «Նացիոնալ» հյուրանոցում բնակվող, 44-ամյա Սահար Գուլիզանդեհին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում տաքսիստների մենեջեր ներկայացած անձը Ս. Գուլիզանդեհին օդանավակայանից դեպի Ամիրյան փողոցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցային համալիր տեղափոխելու համար խաբեությամբ վերցրել է որպես վարձավճար 30 հազար դրամ:

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ տաքսիստների մենեջեր ներկայացած անձը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 29-ամյա Գոռ Մարտիրոսյանն է, ով ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, կատարվածի մասին տվել խոստովանական բացատրություն ու բաց թողնվել: