ԵՄ-ն որոշել է Հայաստանում գործող որևէ ավիաընկերություն չգցել սև ցուցակ․ Ռևազյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

բակո

«Եվրոպական Միությունը այսօրվա դրությամբ որոշել է Հայաստանում գործող որևէ ավիաընկերություն չգցել սև ցուցակ: Այս խնդիրը մեկուկես տարվա խնդիր չէ, չի առաջացել վերջերս, պարզապես մեր ավիաընկերությունները հիմա են դիմել Եվրոպական Միություն՝ չվերթներ իրականացնելու, և վերջիններս հիմա են եկել ու աուդիտ անցկացրել»,- անդրադառնալով Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեի նկատմամբ Եվրոպական հանձնաժողովի կողմից ուժեղացված հսկողություն սահմանելու լուրերին՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Հարցին՝ արդյո՞ք խնդիրն առաջացել է «Տարոն Ավիա» ընկերության՝ ԵՄ-ի կողմից   սահմանված անվտանգության ստանդարտներին չհամապատասխանելուց հետո, Ռևազյանը պատասխանեց.

«Իրականում, կարող է մի քիչ տարօրինակ բան ասեմ՝ ավելի լավ էր այսպես՝ «Տարոն Ավիա»-ն դիմեց, ԵՄ-ում նկատեցին խնդիրները, որ մենք կարողանանք այդ խնդիրները լուծել, հակառակ դեպքում կարող էր այսպես ևս 5-10 տարի շարունակվել, ինչը մեզ պետք չէ»: Նա հաստատեց, որ  «Տարոն Ավիա»-ն փակել են՝ հենց անվտանգության խնդիրները հաշվի առնելով՝ միաժամանակ ԵՄ-ն, քանի որ կարևորում է զարգացումը, որոշել է այսօրվա դրությամբ որևէ ավիաընկերություն սև ցուցակի մեջ չգցել։

 «Համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ լավ է, իրենք մեզ շատ են աջակցել, խորհուրդներ տվել: Մամուլում մեկնաբանությունը մի քիչ սխալ ուղղությամբ է գնացել. միջազգային մամուլում գրված է, որ 115 ավիաընկերություն սև ցուցակում է հայտնվել, բայց Հայաստանի հանդեպ հսկողությունն ավելացել է, այստեղ շեշտն այդ 115-ի վրա չեն դրել, այլ հենց Հայաստանի: Եղել է մամուլի խնդիրը, ոչ թե մեր ու ԵՄ-ի հետ կապված խնդիրները։ Մենք ԵՄ-ում շնորհանդես իրականացրինք, և այժմ գալու են՝ ստուգելու այն, ինչ ասել ենք, իրականությո՞ւն է, թե՞ ոչ: Մենք մեր բոլոր խնդիրներն ասել ենք, բայց միաժամանակ ներկայացրել ենք առաջարկվող լուծումներ և ժամկետներ: Այժմ պետք է այդ ժամկետներում տեղավորվենք և ցույց տանք պրոգրես:

Հնարավոր է՝ ԵՄ-ից գնան ավիաընկերությունների մոտ: Մենք պետք է պատրաստ լինենք»,- մանրամասնեց  Ռևազյանը՝ նկատելով, որ խնդիրների առաջացման համար պատճառ են դառնում նաև քաղավիացիայում աշխատավարձերի ցածր մակարդակները՝ համեմատած մասնավոր ընկերությունների հետ:

«Դրա համար մենք շատ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու, որ օրենսդրական փոփոխություններ առաջարկենք, որպեսզի աշխատավարձերը կարողանանք բարձրացնել: Դա չենք նախատեսում անել պետբյուջեի հաշվին, այլ պետք է սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար: Օրինակ՝ օդաչուների լիցենզիաների երկարաձգման համար, որն այս պահին իրականացվում է անվճար»,- լուծման մեխանիզմներ առաջարկեց  Տաթևիկ Ռևազյանը:

Ինչ վերաբերում է տեղական ավիափոխադրող ունենալուն՝ Ռևազյանը տեղեկացրեց, որ որ մեկ ավիաընկերություն է դիմել Քաղավիացիայի կոմիտե, և այժմ ուսումնասիրություններ են իրականացվում․

«Եթե ամեն ինչ նորմալ անցնի, մենք կունենանք ազգային փոխադրող, որն ունենալու է 388 հազար նստատեղ»: