Պաշտպանության նախարարության պաշտոնյայի կինը Սիսիանում սուպերմարկետից գողացել է 8 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Ոստիկանության Սիսիանի բաժնում յուրացում կամ վատնում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել նոյեմբերի 26-ին ոստիկանության Սիսիանի բաժին դիմած Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Վարդ Մկրտչյանի ահազանգի փաստով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինս դիմել է Սիսիանի ոստիկանություն և հայտնել, որ «Լենա Մելիքսեթյան» ԱՁ-ին պատկանող «Բելկա» սուպերմարկետում կատարված ստուգումներով և տեսախցիկների ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ սուպերմարկետի գանձապահ՝ 33-ամյա Կարինե Վարդազարյանը իրեն վստահված դրամարկղից պարբերաբար հափշտակել է գումար, իսկ սուպերմարկետից՝ տարբեր տեսակի ապրանքներ։

Աղբյուրը հայտնում է, որ Կ. Վարդազարյանը կասկածվում է սուպերմարկետին 7-8 մլն դրամ վնաս պատճառելու մեջ։ Այդ ամենը նաև արձանագրվել է տեսախցիկներով, ու Սիսիանից ստացված բազմաթիվ ահազանգերի հեղինակներն ասում են. «Մեկը մի հատ հավ, մի հատ ալյումինե տարա ա գողանում, բռնում, մի քանի տարի փակում են։ Հիմա, էսի՝ վստահ լինելով, որ իրեն ոչինչ չեն անի, տեսախցիկների առկայությամբ յուրացում ու գողություն, վատնում ա անում՝ տանելով մի քանի միլիոններ, ազատ ֆռֆռում ա։ Հետո էլ ասում են, թե իրավիճակ ա փոխվել ու կատարված հանցագործության համար մեծ ձկներն անգամ չեն պլստա։ Բայց այս դեպքում սա ոչ թե մեծ ձուկ է, այլ ակուլա։ Թե չէ, փոքր ձուկ լիներ, հիմա կիլկիի նման քննչականը զակատ էր արել ու տեղափոխել էր Աբովյանի կանանց գաղութ։ Երևի թիկունքը իրա ամուսինն է, ով Սիսիանի զորամասում հետախուզության պետն է։ Ամուսինները ծնունդով Ջերմուկից են, բայց աշխատանքի բերումով Սիսիանում են գտնվում։ Ուզում ենք հավատանք, որ քննչական բաժինը, ի վերջո, իրավական գնահատական կտա, իսկ հանրությունն էլ կիմանա, թե ինչպես է պաշտոնյայի կինը հայտնի՝ «Ոսկե հորթը» ֆիլմի Շուրա Բալագանովի նման գողություն անում»։