ՀՀ 2-րդ նախագահի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։  Վերջինս իր միջնորդությունը հիմնավորեց մամուլում շրջանառվող այն տեղեկություններով, որ Լուսինե Աբգարյանի եղբայրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է, իսկ Լուսինե Աբգարյանի եղբայրը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, որով վերջինս իր գոհունակությունն էր հայտնել Քոչարյանին կալանավորելու համար, իսկ Լուսինե Աբգարյանը հավանություն էր տվել գրառմանը։ 

Բացի այդ, դատավորը պետք է դեկտեմբերի 17-ին մեկնի արձակուրդ, և պաշտպանի կարծիքով անհասկանալի է, թե ինչպես է նման պայմաններում դատավորին գործ մակագրվել, հետևաբար չի կարող քննել սույն գործը։ 

Ի պատասխան՝ Լուսինե Աբգարյանը տեղեկացրեց, որ իր արձակուրդ մեկնելը տեղափոխվել է դեկտեմբերի 24-ին։
Մեղադրող կողմն անհիմն համարեց ներկայացված փաստերն ու հանգամանքները՝ նշելով, որ դրանք չեն կարող դատավորի կողմնակալության հարցում կասկածներ առաջացնել։

Ինքնաբացարկի միջնորդությունը քննելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Տեղեկացնենք, որ դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին։