«Հրաշալի մարդ էր` մտածում էր բոլորի մասին»․ ծաղիկներ և հուշեր՝ Մաթևոսյանի մահվան տարելիցին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Արձակի վարպետ Հրանտ Մաթևոսյանի մահվան 17-րդ տարելիցին գրողի հարազատները, ընկերները, գործընկերներն ու նրա գրականության սիրահարները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրեցին Մաթևոսյանի գերեզմանին:

«Ցածր ու միջին դասարանների աշակերտները ծանոթանում են Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» և «Հացը» ստեղծագործություններին, իսկ ավելի մեծ տարիքում` «Աշնան արև»-ին: Կարևորում եմ այն, որ կարողացանք տարբեր ձևաչափերով հրատարակել Մաթևոսյանի մանկապատանեկան պատմվածքները: Պարզվեց, որ առաջին ու վերջին անգամ  «Մեր վազքը» լույս է տեսել 1978 թվականին, հետո մի անգամ տպվել է «Կանչ դաշտը»»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հրանտ Մաթևոսյանի որդին` Դավիթ Մաթևոսյանը:

Նա շեշտեց, որ «Հացը» արժեհամակարգ ձևավորող ստեղծագործություն է: «Այն գրված է երեխաների համար ու երեխաների լեզվով: Պարտքի ու պարտականության, սիրո մասին է: Կարծում եմ` այդ փոքրիկ պատմվածքից երեխաները շատ բան են ստանում»,- ընդգծեց գրողի որդին:

Գրականագետ Վազգեն Գաբրիելյանի խոսքով՝ Մաթևոսյանը ժամանակի մեծագույն արձակագիրն էր: «1960-70-ական թվականներին հրաշալի արձակագիրների մի ամբողջ սերունդ կար. յուրաքանչյուրն իր արժեքն ունի: Հրանտն աշխարհի, կյանքի  հանդեպ առավել զգայուն էր: Նա գրել է բոլորի համար: Անդրադառնում էր և’ փոքրերին, և’ մեծերին: Մաթևոսյանի համար գյուղական աշխարհի  մեծ ու փոքրերը նույն ցավով էին տառապում. երեխաները հայրերի հետ հավասար տանջվում էին և անում այն ամենը, ինչ արել են իրենց պապերը»,-ասաց Գաբրիելյանն ու հավելեց, որ Մաթևոսյանը շարունակեց Բակունցի, Զորյանի ավանդույթները`բերելով իր հայացքը:

Արձակագիր Հովիկ Վարդումյանը հիշեց, որ Մաթևոսյանի հետ ծանոթացել է, երբ նա ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ: «Հոգեկերտվածքով, բնավորության գծերով շատ նման էինք, ու հեշտությամբ մտերմացանք: Մի առիթով Մաթևոսյանը Չարենցի ստեղծագործությունների շքեղ ժողովածուն նվիրեց ինձ ու ասաց, որ մեր բարեկամությունը վերածվում է եղբայրության:

Հրանտը հրաշալի մարդ էր` համեստ, խոնարհ,  մտածում էր բոլորի մասին ու ձեռք մեկնում բոլորին: Շատ հայրենասեր էր, ազգապաշտ էր, ինչն արտացոլված է նրա գրականության մեջ»,-նշեց Վարդումյանը:

Արձակագիրը պատմեց, որ մի օր Մաթևոսյանին տեսել է հրաշալի տրամադրությամբ: «Հարցրի, թե ինչով է պայմանավորված նրա շատ բարձր տրամադրությունը,  պատասխանեց, որ կրում է մի կոստյում, որը վաղուց չէր հագել: Երբ այն հագել է, գրպանում գումար է գտել: Մաթևոսյանը ուրախ էր, որ գումարով կարող է աջակցել ինչ-որ մեկին»,- ներկայացրեց Վարդումյանը: