Հրանտ Մաթևոսյան. Մեր երթի ջահակիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հրանտ
«Հաղթանակը, միայն հաղթանակն է ազատելու մեզ թշնամու, կողմնակիցների և մեր իսկ քամահրանքից: Հաղթանակը մեր անցյալի և ապագայի և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է: Պարտությունը սուտ և անգո մի բան է դարձնելու մեր անցյալը՝ բանաստեղծ վարդապետների զառանցանք: Պարտությունը անհայրենիք տնանկներ է դարձնելու մեր երեխաներին, մեզ նրանց սև անեծքին է արժանացնելու: Պարտությունը մեզ դարձնելու է արդարության դռներին տաղտկալի քարշ եկողներ, որոնց երբեմն գուցե և կարեկցում են, բայց երբեք՝ հարգում: Ամեն մի այսօրը նորոգ երեկն է: Մեր հաղթական այսօրից հաղթական էլ անցյալ է հառնելու, մաքուր առանձնատներով ծաղկուն քաղաքների Հայաստան հայրենիք է բացելու մեր հաղթանակած այսօրը, սահման է դնելու խավարի թագավորությանը՝ ուրախություն բոլորի և թշնամու, և թշնամու նույնպես, քանի որ, ենթադրում եմ, ինքն էլ է նողկում սումգայիթյան իր հարյուրամյա զառանցանքներում տապակվելուց»։

Հրանտ Մաթևոսյան 1994 թ. մարտի 17

 

Մարդու մեծության ցուցանիշն ապրած օրերում ունեցած հարաբերությունների դրսևորման ձևն է ու թողած կյանքի գործի չափիչը: Երջանիկ են նրանք, ովքեր, թողնելով աշխարհը, շարունակում են ապրել ոչ միան մարդուս հիշողության մեջ, այլև շտկող ու ուղղորդող դեր են խաղում կյանքի ընթացքում: Այսինքն՝ սովորականից բարձր կյանքի պատմությունը և թողած ժառանգությունը ոչ միայն չեն մեռնում, այլև ապրում ու ապրեցնում է:

Հրանտ Մաթևոսյանի կյանքն առաքելություն է հիշեցնում: Նա մեկ ուրիշ խոսք ու միտք բերեց մեզ և լրջմիտ ապրելու, խորագետ ու քաջ, ուժեղ լինելու ճանապարհը ցույց տվեց բոլորիս:

Մաթևոսյանականությունը՝ քարտեզ է, մաթևոսյանագիտությունը՝ համակարգ: Խոսքը մի տեսության մասին չէ, որի կիրառական քայլերը դեռ պետք է գտնել, մշակել: Մաթևոսյանն ամեն ինչ տալիս է, և քեզ մնում վերցնել, սերտել ու իրականացնել՝ իր ձևի մեջ պարզ և էությամբ ծանրակշիռ բարձր ապրելու այս արվեստը:

Հրանտ Մաթևոսյանի աշխատասիրությունը, իր խոշորության մեջ, երկու հատվածի է բաժանվում` ինքնաճանաչման և կյանքի մշակույթի:

Հայազննության մեջ Մաթևոսյանն ամբողջական է ու մանրամասն: Հեռու է պաթոսից և ամենակարևորը՝ թշնամություն չկա: Անահիտ Ադամյանին տված մի հարցազրույցում նա պատասխանել է. «Ես այդ ջնջողներից չեմ, ես գրողի իմ սկզբունքն ունեմ՝ ինչ ծնել է մայր Հայաստանը, իմ որդիներն են, ես տեր եմ ամենքին» («Հայացք Երևանից», 2001 թ.):

Մաթևոսյանի նպատակը չարախնդալն ու մերկացնելը չէր: Նա սուրբգրային ոճով ոչ միայն տալիս, այլև մեկնում է փաստը և կոչ անում վերանորոգման՝ տալով կատարման ձևն ու էությունը: Անցյալի գենետիկ ճշգրիտ քննություն և ֆիլտրացված ապագայի պատկերն ենք տեսնում իր մոտ, որոնց արանքում ընկած է ներկայի քարակերտ, ամրակուռ, անքանդ ամրոցի շինարարությունը, նրա մեջ ապրող ու այն պահող, շենացնող մարդու վերաիմաստավորումը, կատարելագործումը, լուսավոր դառնալը: Եվ եթե սկսենք Սուրբ Մովսես Խորենացուց ու գանք, հասնենք Հրանտ Մաթևոսյանին, ապա Խորենացին հաստատեց ազգային պետության գաղափարախոսությունը, իսկ Մաթևոսյանը տվեց այդ պետության կյանքի կոչման համակարգը: Խորենացին արձանագրեց Ողբը, Մաթևոսյանը` նրա լինելիության շարունակականությունը և այն հաղթահարելու ձևը:

Նրա խոսքը միտք արտադրելու մոնումենտալիզմ է:

Իր գրականությունը չունի բացասական կենտրոնական դեմքեր և ուղղված է մարդու ներաշխարհի զննությանը, հատկությունների վերհանմանը, մարդ-ժամանակ վերլուծությանը և անհատի դրսևորմանը:

Հրանտ Մաթևոսյանը այն գրողն է, որի ձեռքը մեզ ամրապնդեց համաշխարհային բարձր գրականության անդաստանում: Նրա ձեռքում խոսքը ավելորդությունից զատված քանդակ է դառնում, որի քարը մ՛եկ մարմարե է, մե՛կ փշոտ վայրի քար, մյուսում՝ չքանդվող տուֆ կամ գրանիտային հատկությամբ մի ամրություն: Ինքը ոչ թե ազնվական դեսպանն էր՝ ուղարկված գրողական իշխանների դաշտ, նա վայելչազարդ արքան է խոսքի թագավորների հավաքում: Նրա գրով ենք սովորում ոչ միայն պատմական հեռվում մեծերին փնտրելն ու գնահատելը, այլև ներկայում մեր մսից ու արյունից ապրող թագավորին, սպարապետին, նախարարին ու իշխանին սիրելու, հարգելու և գնահատելու ունակություն ձեռք բերելը: Իր միտքը հայկական տարածքը պետություն, երկիր և հայրենիք է դարձնում: Մաթևոսյանագիտությունը միայն գրական սահմանում չէ, այն պետական հայեցակարգի վերածվելու ժառանգություն է:

Հրանտ

Թե ինչո՞ւ գրողը անկախությունից հետո արձակ կամ վեպ նախկինի պես շատ չգրեց, ճիշտ բնութագրել է Վանո Սիրադեղյանը.

- Ձեր կարծիքով ինչո՞ւ Հրանտ Մաթևոսյանը այսօր չի գրում:

- Հրանտն ինքն էլ կխոստովանի երևի, որ հայրենիք է կորցրել, նրա և այդ սերնդի հայրենիքը Սովետական Միությունն էր: Միջակությունները էլի կարող էին գրել ինչ-որ գրքեր, ոնց որ ստերիլ գրում էին, որ չէիր հասկանում՝ ո՞ր երկրում, ո՞ր քաղաքում է ապրում… դա անհեթեթություն է, դա գրականություն չէ, չխոսենք դրա մասին: Հիմա նա չգիտի՝ ի՞նչ երկրում է ապրում, ո՞ւմ համար է գրում: Նա գրում էր՝ նկատի ունենալով նաև ռուս, բելառուս, ուկրաինացի ընթերցողին, թարգմանվում էր: Գրում էր Սովետական Միության գրական մթնոլորտում, և աշխարհում երևի չկար այդպիսի բարձր, գրականացված մթնոլորտ, գրական կյանք: Այնտեղ Այթմատովն էր, Մեժելայտիսը, Ռասպուտինը, Շուկշինը, Աստաֆևը, Բիտովը… Այդ գրական հզոր մթնոլորտում նա իրեն շատ լավ և հավասար էր զգում: Գրականագիտություն, գրաքննադատություն կար…

Բոլոր դեպքերում ժողովրդի համար չեն գրում, այլ գրում են գրական մթնոլորտի մեջ՝ գրական մթնոլորտի համար, և դա շատ նուրբ, տրոփող կապ է: Այդ մթնոլորտը վերացավ, և ինքը Հայաստանի գրական մթնոլորտի համար շատ մեծ գրող է, որպեսզի գրի:

Վանո Սիրադեղյան, «Առավոտ», 1998 թ., մայիսի 7:

 

Հրանտ Մաթևոսյանը մեզ տվեց Տեր լինելու գաղափարը, առանց որի՝ դատապարտված են կուզիկ թավալգլորության: Նա հանեց մեր մեջից խեղճի, թույլի, պարտվածի դառնությունը ու սովորեցրեց ուղիղ և ուժեղ կանգնելու, չծալվելու ձիրքը, կայսերապես մտածելու, համարձակ գործելու, խոհեմ լինելու, անվախ ապրելու և հավերժ արարելու կամքը կերտեց մեր մեջ: Նրա խոսքով ու գրով դառնում ես ինքնիշխան բերդի շինարարը, հայոց գահի տերը, անկախ պետության ծառան, սահմանից դուրս եղողների համար` պատվով ապրողը:

Մաթևոսյանի հարցազրույց - հրապարակախոսությունը ինքնաճանաչման, վերաիմաստավորման և կատարելագործման մշակույթի մասին է: Առաջինը ոճը, լեզվամտածելակերպը․ սա մի կառուցվածք է հատուկ միայն Մաթևոսյանին, երբ իր աչքերը տեսնում են շատերի համար անտեսանելին, խոսքին տալիս է ոսկերչական փայլ, բովանդակությանը` անհատակ խորություն, ընթացքը հաստատում է որպես ճշմարիտ ճանապարհ: Միտք, խոսք, գիր այս եռամիասնությունը Հրանտ Մաթևոսյանի մոտ մի թագով պսակված գրական գագաթներ են:

Մեզ մնում է անդադար կարդալ ու հասկանալ Մաթևոսյանի ժառանգությունը և նրա տերն ու շարունակողը դառնալ:

Ռուբեն Վարդանյան

պատմաբան, հրապարակախոս