Տարին փակում ենք լավ տրամադրությամբ․ Փաշինյանը ներկայացրեց ԱՎԾ-ի տնտեսական ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Տարին ամփոփում ենք լավ տրամադրությամբ: Կառավարության հերթական նիստում ամփոփելով տարին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ներկայացնելով Ազգային վիճակագրական  ծառայության հրապարակած 11 ամիսների ցուցանիշները՝ վարչապետն ասել է․

«Նոյեմբեր ամիսը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019 թվականի համար, մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,1 տոկոս է։ Կարևոր է այն, որ ապրանքների արտահանման աճ կա՝ 25,7 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 11, 9, ծառայությունները՝ 11, 6 տոկոսով, շինարարությունը՝ 4, 7 տոկոսով, արդյունաբերության աճը՝ 9,3 տոկոսով, արտահանման աճը՝ 9 տոկոսով»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս ցուցանիշները բավականին լավն են, արձանագրում են,որ տնտեսական զարգացման հիմքում դրված գաղափարախոսությունն աշխատում է։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 11 ամիսների ընթացքում կոնյակի արտահանման աճը կազմել է մոտ 27 տոկոս, գինիների արտահանումն աճել է 50 տոկոսով, մրգային գինիների արտահանման ծավալն աճել է 75 տոկոսով:

«Կարծում ենք, որ տարին կամփոփենք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճով, և արտահանումը կլինի տասը տոկոս: Այդ ցուցանիշներն իրատեսական են, և 11 ամիսների ցուցանիշները ցույց են տալիս՝ 2020 թվական ենք մտնելու շատ լավ տնտեսական հիմքով»,-ասել է նախարարը:

Մրգային գինիների արտահանման ցուցանիշներին ուշադրություն հրավիրելով՝ Փաշինյանը շեշտել է․

«Կարծում եմ, որ Հայաստանում նոր բրենդի, նոր խմիչքի ձևավորման պրոցես է տեղի ունենում»։

Վարչապետը նշել է, որ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում,  կարևոր է դինամիկան կարևոր է, ինչպես նաև կարևորեց, որ պետական բյուջեի հարկային հավաքագրումների առումով էական ցուցանիշներ կան:

Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է՝ պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը՝ հանած ավելացրած արժեքի հարկի վերադարձը, լինելու է տրիլիոն 461-ի շրջանակներում: