Մինչև 2025թ.-ը կավարտենք Արցախի գյուղական ճանապարհների սալապատումը. Արցախի նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

հարությունյան

Արցախի նախկին վարչապետ, այժմ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար եւ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ մինչև 2025 թվականը կավարտվեն Արցախի բոլոր գյուղական համայքների ներքին ճանապարհների սալապատման աշխատանքները: Գրառումը՝ ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ, անցած ավելի քան մեկ տասնամյակում հանրապետության համաչափ զարգացման համար կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել՝ գյուղերում և քաղաքներում իրականացնելով խմելու ջրով ապահովելու, գազաֆիկացման, ճանապարհաշինության, դպրոցաշինության, համայնքային ժամանակակից կենտրոնների կառուցման և ենթակառուցվածքների ստեղծման բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք տեղերում մեծապես փոխել են կյանքի որակը:

Կցանկանայի անդրադառնալ այդպիսի մի ծրագրի, որը նախատեսում ենք նոր ծավալով շարունակել առաջիկա տարիներին: Խոսքը գյուղական համայնքների ներքին ճանապարհների սալապատմանն է վերաբերում: Ծրագրի մեկնարկը տրվել է 2011 թ.-ին՝ Ճարտար համայնքից: Բյուջետային սուղ միջոցներով պայմանավորված՝ անցած տարիներին այս ուղղությամբ տարված աշխատանքները մեզ համար գոհացուցիչ չէին, չնայած այն հանգամանքին, որ «Հայկական գյուղերի զարգացման» հիմնադրամն (հիմնադիր՝ Վլադիմիր Ավագյան) այս ընթացքում շոշափելի աջակցություն է ցուցաբերել ծրագրի իրականացմանը՝ Ճարտարից բացի, նաև այլ համայքներում:

Կենսական նշանակության այս նախագիծը առաջիկա քաղաքական գործընթացներում հանդիսանալու է մեր նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկը, և, հաջողության դեպում, հիմնականում մինչև 2025 թ.-ը կավարտենք Արցախի բոլոր գյուղական համայքների ներքին ճանապարհների սալապատման աշխատանքները: Իսկ ստորև ներկայացված տեսանյութը իմ պապենական Խաչմաչ գյուղի մասին է, որտեղ «ցեխին հրաժեշտ են տվել» 2017 թ.-ին: Հատկանշական է, որ վերջին տարիների ընթացքում մեր գյուղից ոչ մի ընտանիք չի տեղափոխվել, հակառակը՝ Խաչմաչում վերջերս հաստատվածների օրինակներ ունենք»,- գրել է նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս