Վանում 15 օրով երկարաձգվել է հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների արգելքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 8, 24News

.

Վանում 15 օրով կրկին արգելվել է բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը: Նահանգապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ արգելքը գործում է հունվարի 9-ից և կավարտվի հունվարի 23-ին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Հայտարարության մեջ ասվում է, որ այդ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն  ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:

«Սահմանադրության և օրենքներին համապատասխան՝ մեր նահանգի վարչական սահմաններից ներս 2019թ. հունվարի 9-ից մինչև հունվարի  23-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները,  նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ գործողությունները»։

Հիշեցնենք, որ Վանի նահանգապետարանը նման արգելք սահմանել էր նաև դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 8-ը և որպես պատճառաբանություն մեջբերել վերոթվարկյալը: