Արաբկիրում երկու անձի դանակահարած տղամարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Հունվարի 3-ին, կեսգիշերին մոտ, բուժհաստատություններից ոստիկանության Արաբկիրի բաժնում, րոպեների տարբերությամբ, երկու ահազանգ է ստացվել. Վրացական փողոցից` կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոններ էին տեղափոխվել 47-ամյա մի տղամարդ ու մի անչափահաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ահազանգը ստանալուն պես քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցներում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Եվ իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ, հաղորդումից մեկ օր անց պարզվեց, որ Վրացական փողոցի շենքերից մեկի բակում ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել է նույն փողոցի 33-ամյա մի բնակիչ:

Հունվարի 8-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է Արաբկիրի քննչական բաժին և ձերբակալվել:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: