Ծննդյան օրը հոբելյարին դանակահարել է. ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Հունվարի 9-ի երեկոյան Արագածոտնի մարզի Կոշ գյուղում դանակահարություն էր եղել: Այս մասին տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է ժամը 22.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնել  է, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 38-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:

Տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները. հայտնել էր` իբր պատահաբար ընկնել է տանը: Սակայն վնասվածքի բնույթն այլ բան էր հուշում, և նրա հայտարարությունը, ո՛չ բժիշկներին, ո՛չ էլ ոստիկաններին հավատ չներշնչեց:

Իրավապահները հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո մեկնեցին Կոշ գյուղ, որտեղ դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ տուժողին իր ծննդյան օրը, տանը խնջույքի ընթացքում ծագած վեճի ժամանակ, դանակահարել է մտերիմներից նույն գյուղի 28-ամյա մի բնակիչ:

Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 2.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Դանակը հայտնաբերվել ու առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: