Իրանը պատահաբար խոցել է ուկրաինական ինքնաթիռը․ պաշտոնական

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News      

Թեհրանում ուկրաինական ավիաընկերության ուղևորատար Boeing-ը պատահաբար խոցվել է մարդկային սխալի հետևանքով։ Այս մասին, ըստ РИА Новости-ի, հայտնել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Մարդկային սխալի հետևանքով և պատահաբար ինքնաթիռը խոցվել է»,- ասված է գերատեսչության հայտարարությունում։

Գլխավոր շտաբից հայտնել են, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ թռել է կարևոր ռազմական օբյեկտին մոտ։

Հայտարարությունում ասվում է նաև, որ պատահարը տեղի է ունեցել «բարձր մարտունակության պայամաններում», որոնք պայմանավորված էին Իրաքում ամերիկյան ռազմաբազաներին հարվածելուց հետո ԱՄՆ-ի հնարավոր պատասխանով։

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ի վաղ առավոտյան՝ Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց երկու րոպե անց: Ինքնաթիռում եղել է 176 մարդ․ բոլորը զոհվել են:

Ավելի վաղ Իրանը բացառել էր ինքնաթիռի խոցման վարկածը։

Ավտոմոբիլային ճանապարհների և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման նախարարության կապի կենտրոնի ղեկավար Ղասիմ Բիհին ասել էր, որ եթե աղետի պատճառը լիներ հրթիռակոծումը, ապա ինքնաթիռը երկնքում կպայթեր։