«Տիգրան Մեծի ժամանակներից նման բան չէր եղել»․ Բագրատյանը պատասխանել է Սահակաշվիլիին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Սահակաշվիլի

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Հայաստանի ու Վրաստանի ՀՆԱ վերաբերյալ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի հայտարարությանը, ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վրաստանի նախկին նախագահ Մ. Սահակաշվիլին, արձագանքելով Ն. Փաշինյանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ հայտարարությանը, նշել է. Տիգրան Մեծի ժամանակներից նման բան չէր եղել։ Նախ, ինչպես ավելի վաղ նշել էի, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2019-ին Վրաստանից չի անցել։ Ավելին, 2005-2009 թթ․, երբ ՄՍ-ն ղեկավարում էր Վրաստանը, ՀՀ-ն Վրաստանից առաջ էր։ Երկրորդ, բարեբախտաբար, մեր թիմն ունի ՀՀ 1 շնչին ընկնող ՀՆԱ պատմական գնահատականներ։ Մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ մ. թ. 4-5 դարերում, ՀՀ-ն ներկա գներով 1 շնչի հաշվով ունեցել է 1,0-1,2 հազ դոլար։ Երկիրը կուշտ էր, երանելի։ Վրաստանն այդ ժամանակ ավելի քան 2 անգամ զիջում էր ՀՀ ցուցանիշին և գտնվում էր առևտրական բանուկ ճանապարհներից հեռու։ Մենք աշխարհի 5 լավագույն երկրների ցանկում էինք։ Լավ կյանքը և ՀԱԵ-ի կողմից սահմանած հարկերը, ավաղ, 5-րդ դարի սկզբին պատրանք ստեղծեցին, թե պետություն պետք չէ, ՀԱԵ-ն բավական է։ Արդեն 5-րդ դարում տնտեսական ակտիվությունն անիմաստ դարձավ։ 6-րդ դարի սկզբին վրացական եկեղեցին առանձնացավ հայկականից։ Վրաստանը սկսեց տնտեսապես ծաղկել։ Դատապարտված էինք ինքնաոչնչացման, եթե արաբները մեզ չգրավեին։ Նրանց կողմից սահմանած փողային հարկը, հողը վարձակալությամբ մանր տնտեսություններին հանձնելը խրախուսեցին ապրանքադրամական հարաբերությունները։ Արդյունքում 9-րդ դարի վերջում հայկական պետականությունը վերականգնվեց։ Դժբախտաբար, սա չբերեց երկարատև արդյունքի հողի պետականացման և ապա աստիճանաբար ՀԱԵ-ին հանձնելու պատճառով։ Թուլացած տնտեսությունն էր պատճառը, որ 6 միլիոնանոց պետությունը չկարողացավ դիմադրել Տուղրիլի և Ալփարսլանի բանակներին։

Այնուամենայնիվ, Բագրատունյաց Հայաստանը սկզբում 1,5 անգամ Վրաստանից լավ էր ապրում։ Ինչ վերաբերում է Կիլիկիային, որտեղ հողի մասնավոր սեփականություն կար, ապա այնտեղ կյանքը մի քանի անգամ ավելի բարեկեցիկ էր, քան Հայքը կամ Վրաստանը։ Սկսած Թամար թագուհու ժամանակաշրջանից մինչև ԽՍՀՄ 70-ական թվականները Հայաստանը շատ վատ էր Վրաստանից։ Բայց ահա խորհրդային Հայաստանը այնցյալ դարի 70-ականների վերջում կրկին անցավ Վրաստանից։ Այնպես որ ՄՍ-ն պարզապես անտեղյակ է»: