Իրաքում՝ Սոլեյմանիի մահվան վայրում, հուշարձան կկանգնեցվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

 

Սոլեյմանի
ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով մշակույթի և զբոսաշրջության հարցով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալի ալ-Հմեդաուին, հայտնել է, որ Իրաքի մշակույթի նախարարությունը թույլ է տվել հուշարձան տեղադրել շիիթական ապստամբության ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի և իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան վայրում։

Ըստ աղբյուրի՝ առաջարկվել է մշակույթի նախարարությանը Սոլեյմանիի և Մուհանդիսի մահվան վայրում՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում, տեղադրել հուշարձան դեպքի հիշատակի պատվին, որը խլել էր նաև Իրաքի հյուրի՝ գեներալի կյանքը:

«Մշակույթի նախարարի հետ հանդիպումից հետո ձեռք էր բերվել պայմանավորվածություն հուշարձանը տեղադրելու մասին: Նախարարը հանձնարարել էր Արվեստի գլխավոր վարչությանը ձևավորել հանձնաժողով, հայտարարել մրցույթ և համակարգել այդ հարցը քանդակագործների ասոցիացիայի հետ»,-հայտնել է ալ-Հմեյդաուին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ի լույս գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ն անցկացրել էր ռազմական գործողություններ՝ ընդդեմ Իրանի բանակի էլիտար ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիիթական ապստամբության ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի, որոնց Վաշինգտոնում համարում են մասնակից դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկակյան դեսպանատան վրա հարձակման կազմակերպման գործում: