Սամվել Բաբայանը ստացել և դիտարկում է նախագահի երեք թեկնածուի առաջարկները. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News       

Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը Արցախում կայանալիք նախագահական և պառլամենտական ընտրություններին մասնակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել։

Հայտարարությունում մասնավորապես ասված է․ 

«Հարգելի´ գործընկերներ, ի պատասխան 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական և պառլամենտական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի և ներկայացուցիչների հետ Սամվել Բաբայանի հնարավոր համագործակցության մասին ձեր հարցումների, հայտարարում ենք, որ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Ս. Բաբայանը չի բացառում համագործակցությունը Արցախում գործող և ոչ մի քաղաքական ուժի հետ: Ընդ որում, Ս. Բաբայանը մտադիր չէ հանդես գալ որևէ կուսակցության հետ միավորման նախաձեռնությամբ, սակայն պատրաստակամ է քննարկելու ստացվող առաջարկները` խորհրդարանական ընտրություններում «Միասնական հայրենիք» կուսակցությանն անվերապահ աջակցելու, հետևապես` Արցախի զարգացման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կուսակցության ծրագրային դրույթների իրականացման պայմանով: Նշենք նաև, որ Ս. Բաբայանը արդեն ստացել է առաջարկություններ մի քանի կուսակցությունից և ներկայումս դիտարկում է նախագահի երեք թեկնածուների առաջարկներ: Հիշեցնենք, որ 2019 թվականին Սամվել Բաբայանը հայտարարել էր 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն, ինչպես պարզվեց, Արցախի իշխանությունները ապօրինի կերպով նրան հանել էին պետռեգիստրից: Այս հանգամանքը արհեստական խոչընդոտ հանդիսացավ նրա` նախագահական ընտրություններին մասնակցության համար, քանի որ վերջին 10 տարում Արցախում մշտաբնակության ցենզը նախապայման է բոլոր թեկնածուների համար: Այս գործողություններն անօրեն ճանաչելու հայցով Ս. Բաբայանը դիմել է դատարան: Սույն գործով նախնական դատական նիստի հերթական օր է նշանակվել ս.թ. հունվարի 23-ը»: