Նորաշենի դանակահարությունը բացահայտվեց․ 35-ամյա տղամարդը ձերբակալված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Հունվարի 4-ին՝ ժամը 20.30-ի սահմանում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առջևի պատի ծակած, թափանցող վերք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել Նորաշեն գյուղի մի բնակիչ:

Օպերատիվ խումբը հիվանդանոց էր մեկնել, սակայն տուժողն ի վիճակի չէր եղել հաղորդում տալու: Բժշկի հետ զրուցելուց և համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները Նորաշեն էին մեկնել, ճշտել` դեպքը որտեղ, ինչ հանգամանքներում է եղել: Պարզվել էր, որ ժամը 19-ի սահմաններում, գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի տներից մեկի դիմաց, մեքենան արագ վարելու պատճառով ծագած վեճի ժամանակ տուժողին դանակահարել է նախկինում տարբեր հանցագործությունների համար մի քանի անգամ դատապարտված, նույն գյուղի 35-ամյա մի բնակիչ: Սակայն նրան ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը տանը հայտնաբերել չհաջողվեց:

Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ:

Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումները շարունակվեցին, և դեպքից օրեր անց իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ կասկածյալը հայտնաբերվեց:

Հունվարի 11-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայից, քրեական հետախույզները նրան բերման ենթարկեցին ոստիկանության Արտաշատի բաժին:

35-ամյա տղամարդը ձերբակալված է: Միջոցառումներ են ձեռնարկվում դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: