Փաշինյանի ընտանիքի ոճը չէ, բացառվում է ընդդեմ Վանեցյանի որևէ քարոզչություն արվի․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

«Բացառում եմ, որ վարչապետը, իմանալով, որ որևէ պաշտոնյա որևէ քրեական հեղինակության հետ առնչություն ունի, թողներ իր շրջապատում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Ըստ պատգամավորի՝ անգամ եթե լրատվամիջոցի ձեռքի տակ են հայտնվել Արթուր Վանեցյանի մասին փաստեր, ապա դա եղել է նրա պաշտոնանկությունից հետո։

«Վստահ եմ, որ եթե նման բան վարաչպետն իմանար, չէր նշանակի, կամ  նշանակման հաջորդ օրերին պաշտոնյան ուղղակի վարչապետի շրջապատում տեղ չէր ունենա։ Ակնհայտ է, որ վարչապետի, նրա ընտանիքի, իշխող ուժի ներկայացուցիչների հանդեպ կա ընդգծված տեղեկատվական արշավ։ Եղած տեղեկատվությունը շոկային էր, ես չէի ցանկանա, որ մեր երկրում տեղի ունեցած լիներ»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե իր ձեռքի տակ են հայտնվել փաստեր, ըստ որոնց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որն իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և «ներշնչվում է» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: