«Ազատ հայրենիք»-ը Սամվել Բաբայանի հետ համագործակցության որևէ ձևաչափ չի քննարկել․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

1

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքական տարբեր ուժերի հետ համագործակցության մասին Սամվել Բաբայանի գրասենյակի այսօր տարածած հայտարարությունը որոշ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շահարկման առիթ է դարձել, ովքեր փորձ են անում առանց փաստարկների այդ համագործակցության տիրույթում ներկայացնել նաև «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Չկա այդպիսի բան, և խորհուրդ կտամ այդ օգտատերերին բախտագուշակությամբ չզբաղվել:

Մենք բազմիցս հայտարարել ենք մեր քաղաքական օրակարգի, հնարավոր համագործակցության, ինչպես նաև բոլոր քաղաքական ուժերի հետ ունեցած կառուցողական հարաբերությունների մասին: Հարգելով Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքն ու ցանկությունը՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ առաջիկա համապետական ընտրություններին նրա հետ համագործակցության որևէ ձևաչափ չի քննարկվել:

Նախագահական ընտրություններին մեր քաղաքական թիմը մասնակցելու է պաշտպանելով Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Այո, կան քաղաքական ուժեր, որոնք հայտնել են իրենց աջակցությունը մեր թեկնածուին, և նրանց մասին առաջիկայում հասարակությունը հրապարակայնորեն կտեղեկացվի: Ինչ վերաբերում է կուլիսային կամ գաղտնի պայմանավորվածություններին, մենք զերծ ենք մնալու նման գործելաոճից և մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության բոլոր ձևաչափերը քննարկելու ենք ընտրություններից հետո՝ ժողովրդի քվեի հիման վրա»: