Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ կկայանա հունվարի 21-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ հաշվի առնելով գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայության փաստը և որոշում ընդունեց այն նշանակել հունվարի 21-ին։ 

Խաչատուրովի փաստաբանը նախօրոք դիմել էր դատարանին՝ տեղյակ պահելով իր բացակայության մասին և իբրև պատճառաբանություն նշելով, որ դատարանը չի ապահովում փաստաբանների բնականոն գործունեությունը։ Ըստ փաստաբանի՝ նախորդ դատական նիստին գործով տուժողներից մեկի իրավահաջորդի հնչեցրած հայտարարությունը սպառնալիք էր, ինչը, սակայն, դատարանի կողմից պատշաճ վերաբերմունքի չի արժանացել։ 

Նախորդ դատական նիստում տուժողի իրավահաջորդներից մեկը, դիմելով պաշտպանական կողմին, պահանջել էր Մարտի 1-ի դեպքերի մասին խոսելիս առավել հարգալից լիներ, հակառակ պարագայում «մեր օրը կընկնեք»։ Ըստ Քոչարյանի և մնացյալ մեղադրյալների փաստաբանների՝ այս հայտարարությունն իր մեջ սպառնալիք էր պարունակում։