Վարչապետի խոսքը հաստատում եմ, ինքնասպանությունների թիվը հասել է մինիմումի. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ազգային ժողովում փակ հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումը նախաձեռնել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Մոտ 3 ժամ տևած հանդիպման ավարտից հետո պաշտպանության նախարարը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին․

«Վարչապետի խոսքը հաստատում եմ, ինքնասպանությունների թիվը հասել է մինիմումի» , - նշեց Տոնոյանը՝ անդրադառնալով բանակում զոհերի թվի վերաբերյալ Փաշինյանի գրառմանը։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության հետ կապված խնդիրները, մասնավորապես ՊՆ-ում իրականացվող փոփոխությունների, բարեփոխումների համակարգի, ՀՀ-ի ներքին և արտաքին մարտահրավերների հետ կապված բազմաթիվ հարցեր։

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ պետական հեղաշրջում իրականացնելու լուրերին՝ Մարուքյանը նշեց, որ նման հայտարարությունից հետո պետք է այդ հիմքերով քրեական գործ հարուցվեր։

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, Մարուքյանը նշեց․ «Երկու մտերիմ մարդկանց քննարկումներին չեմ խառնվելու, ես որևէ մեկի ո՛չ ընտանիքի, ո՛չ անձանց հարաբերությունների մեջ չեմ մտել, չեմ էլ պատրաստվում մտնել»։ 

Հիշեցնենք, որ նախքան այս հանդիպումը «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները հանդիպել են նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի և ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս