«Հոկտեմբերի 27-ի բացահայտումն այլընտրանք չունի»․ Անահիտ Բախշյանի նամակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

1
Այս քայլով Հայաստանը կհայտարարի իր ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ավելի բարձր մակարդակի մասին. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի այրի

Այսօր ստորև նամակն եմ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Հարգելի պարոնայք,

Ստորև Ձեզ եմ ներկայացնում հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում ահաբեկչության ժամանակ սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի իրավահաջորդիս տեսակետը` հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման գործընթացի մասին.

Ազգային ժողովում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը գլխատեց մեր պետությունը՝ Ազգային Ժողովն ու ՀՀ կառավարությունը։ Սպանվեցին Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանն ու Հենրիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն ու նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ 8 րոպեում գլխատվեց Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Ազգային Ժողովի և ՀՀ կառավարության, իսկ  նախաքննությամբ տուժողների իրավահաջորդներ ճանաչվեցին զոհված 8 պետական այրերի ընտանիքների անդամները, իսկ տուժողներ՝ դահլիճում գտնված ԱԺ պատգամավորները։ Իմ խորին համոզմամբ, հատկապես թավշյա հեղափոխությունից հետո վերաբացված գործում, որպես տուժողի իրավահաջորդ պետք է ճանաչվեն ՀՀ Ազգային Ժողովն ու ՀՀ կառավարությունը։ Գաղտնիք չէ, որ այդ ահաբեկչությունն ուղղված էր հենց 1999թ. ընտրված  քաղաքական իշխանության դեմ, որը հնարավոր ամեն քայլով  պաշտպանում և պաշտպանելու էր մեր երկրի ռազմավարական ինքնիշխանությունը, մեր անկախությունը, որոնք 1999-ի ահաբեկչությունից հետո հետագա տարիներին աստիճանաբար կորցնում էինք։ Փառք աստծո, այդ վայրընթացի արագությունը նկատելիորեն ընկել է, սակայն առկա կասեցումն առավել շոշափելի կլինի և մեր ինքնիշխանության հիմքերն ավելի կամրանան հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում։ Գործի վերաբացումն արդեն իրականություն է, և այն քննության է ուղարկվել ԱԱԾ, որտեղից 11.01.2020թ. արդեն ստացել ենք  քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը։ Ես մտահոգություն եմ հայտնում միայն ԱԱԾ-ում (մեկ մարմնում) ձևավորված քննչական խումբ ձևավորելու վերաբերյալ, որովհետև հատկապես անջատված մասի 17 հատորների բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ նախաքննության 4 տարիների ընթացքում նախկինում մեկ մարմնում ձևավորված քննչական խմբի կողմից որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել որպես կազմակերպիչ, ուղղորդող, որևէ մեկը չի ներգրավվել այս վարույթով որպես մեղադրյալ, սակայն կա փաստական տվյալների բավարար համակցություն, հանցակազմերի առկայություն հատկապես այն մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխել ահաբեկչությունը, պատշաճ կերպով ապահովել պետական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, որը ԱԱԾ-ի սուրբ պարտականությունն է:

Եվ այսպես, ես՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում ահաբեկչության ժամանակ սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի այրիս, առաջարկում եմ.

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումից հետո քննող մարմինը պետք է տուժողի իրավահաջորդ հայտարարի Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ Ազգային Ժողովի և  ՀՀ կառավարության։ Իմ խորին համոզմամբ, այս քայլով 2018թ. հեղափոխությունից հետո ժողովրդի վստահության մեծ պաշար ունեցող Հայաստանի Հանրապետությունը կհայտարարի  իր ինքնիշխանության  ավելի բարձր մակարդակի վրա գտնվելու մասին, քան այն կար 1999-ի ահաբեկչությունից հետո.

Վերաբացված գործը հանձնարարել այդ նպատակով ստեղծված հատուկ քննչական այն խմբին, որի մեջ կներառվեն ՀՀ-ում առկա ամենապրոֆեսիանալ քննիչներ (ներառյալ ԱԱԾ քննիչներ), որոնք ունեն անբասիր աշխատանքային կենսագրություն և բարձրագույն ակնածանք իրենց ուսադիրի նկատմամբ, որոնց համար Հայաստանի պետական անվտանգությունն ապահովելը պատվի խնդիր է, իսկ դրանց կրկնությունը բացառելը՝ կյանքի խնդիր.

Վերաբացված գործում ինքն իրեն հայտարարելով որպես տուժողի իրավահաջորդ՝ Հայաստանի Հանրապետությունը կլինի պահանջատեր ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային փաստաթղթերով և օրենքներով նախատեսված իր՝ տուժողի իրավունքներն իրացնելու նկատմամբ,   ամբողջ ուժով կպաշտպանի  մեր պետական շահն ու պետության  իրավունքները։ Պետության իրավունքների պաշտպանությունը  կդրվեն տուժողի իրավահաջորդ ՀՀ ԱԺ-ի՝ ի դեմս ԱԺ նախագահի և ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ վարչապետի վրա։ Գործի  արդյունավետության համար  պատասխանատվություն կկրեն հենց իրենք՝ առանց միջամտելու քննչական խմբի գործողություններին.

4․ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության տուժողը նաև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին է, մեծից՝ փոքր,  ինքն էլ է շահագրգռված այս գործի վերաբացմամբ և  ահաբեկչության կազմակերպիչների  բացահայտումներով։ Այս գործը պե՛տք է բացահայտի մեր պետության ներքին և արտաքին թշնամիներին, նրանց բացահայտումն  այլընտրանք չունի, որպեսզի այլևս երբեք մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ դեմ որևէ հանցագործություն  չկրկնվի, իսկ քննչական խումբը պետք է գործի  մեկ նշանաբանով՝ ԱՅԼԵՎՍ՝ ԵՐԲԵ՛Ք։  Ձեզանից  ակնկալում եմ այս նամակի պատասխան՝ գրավոր կամ հրապարակային։

Վստահ եմ, որ այս առաջարկի գաղափարը կկիսեն նաև մյուս 7 զոհված պետական այրերի ընտանիքների անդամները։

Հարգանքով՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում ահաբեկչության ժամանակ սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի իրավահաջորդ՝

Անահիտ Բախշյան

 

Տեսանյութեր

Live

Լրահոս