Նման քննարկումները բացառված են կառավարությունում․ Բադասյանը՝ «դոսյեներ» հավաքելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

«Կան ուժեր, որոնք ՍԴ դատավորների նկատմամբ փորձում են ճնշել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Իշխանությունների կողմից որեւէ ազդեցության մասին լուրերը ակնհայտ հենց տարածվող լուրերով կարելի է հաստատել, որ կեղծ են։ Սկզբի շրջանում փորձում էին հասցնել նրան, ով որ դիմի վաղ կենսաթոշակի՝ ընկալում ունենա, որ ինքը շատ վատ արարք է կատարել եւ բարոյական դաշտում փորձում էին այդ հարցը ներկայացնել եւ նման ազդեցություն ունենալ։ Հիմա ճնշման այլ մեթոդներ են որդեգրել։ Կեղծ լուրեր են տարածում, որը պետք է ճնշում ենթադրի այն դատավորի նկատմամբ, որը կարող է դիտարկել նման հնարավորություն»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ իշխանության կողմից որեւէ ճնշման մասին փաստ առկա չէ, եւ չի կարող լինել.

«Որոշ այլ ուժերի կողմից ակնհայտորեն միտում եմ տեսնում մեդիա արշավների միջոցով ճնշումներ գործադրելու», - ասաց նա։

 Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն՝ նախարարը նշեց.

«Իշխանափոխությունից մեկ տարի անց կարող եմ հիշեցնել, թե իշխանափոխությունից հետո մինչեւ հիմա քանի պաշտոնատար անձի քրեական գործ է քննվել։ Ուղղակի առանձնացնել այն, որ այդ անձը ունի դատավորի կարգավիճակ, եւ դա կապել նրա հետ, որ դա հետապնդում է, ես ճիշտ չեմ համարում»։

Հարցին՝ ՍԴ դատավորների մասին «դոսյեներ» հավաքելու թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուժային կառույցները հանդիպում ունեցե՞լ են, նախարարը բացասական պատասխան տվեց.

«Վստահ եմ, թե ինչ որակի իշխանություն ենք մենք ներկայացնում եւ նման քննարկումները բացառված են գործող կառավարությունում»։