Հայաստանում «տարածքներ» չկան, կա միայն հայրենիք. ՍԴՀԿ-ն՝ Միլսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն արձագանքել է  ԱՄՆ դեսպան Միլսի այն հայտարարությանը, որ Հայաստանը (Արցախը ներառյալ) պարտավոր է «գրավյալ» «տարածք» զիջել հանուն խաղաղության։

ՍԴՀԿ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանում «տարածքներ» չկան, կա միայն հայրենիք, իսկ հայրենիքները չեն գրավվում, ազատագրվում են։

ԱՄՆ-ի պետական շահերը սպասարկող դիվանագետը դժվարությամբ կընկալի մեր դիրքորոշումը, քանզի մեզ համար հայրենիքը ոչ Վիետնամն է ԱՄՆ բանակի համար, ոչ Իրաքը եւ ոչ Լիբիան։ Եւ երբ ոչ հեռու անցյալում, տարիներ առաջ հայ ազգի նկատմամբ թույլ տրված խտրականությունների ու ազգային ճնշումների արդյունքում եւ ոչ մի դիվանագետ չարձագանքեց մեր հոգսերին, մենք ըմբոստացանք անարդար կարգերի դեմ եւ կտրեցինք մեզ հարվածող ձեռքը՝ ազատատենչ հայ ժողովուրդը ընդունակ չէ հանդուրժել ոչ բռնատիրություն եւ ոչ անարդարություն, մենք ինքներս նպաստեցինք առկա խնդիրների լուծմանը։ Պարոն դեսպան, այդ «տարածքներում» են մեր ազգակիցները բնակվել, բնակվում, ստեղծել ու ստեղծում մաշկույթի համամարդկային նշանակության նմուշներ, այնպիսի նմուշներ որոնք գազանաբար կոտրվում էին հայաթափված մեր հայրենիք Նախիջեւանում համաշխարհային հանրության(այդ թվում եւ ձեր) աչքի առաջ, ուստի մեր հասարակությունը գիտակցում է, որ ինքն է հանդիսանում ե՛ւ իր ազգակիցների անվտանգության, ե՛ւ այդ պատմական ժառանգության պահպանման երաշխավորը։ Այսօր արդեն ապարդյուն են ձեր դիվանագիտական շաղակրատանքները, միակ խնդիրը, որ հասու է ձեր լուծմանը՝ ադրբեջանական պետության իշխանությանը իրականության հետ առերեսելն ու համակերպելն է։

Հայաստանի եւ հայ ժողվրդի խաղաղության միակ երաշխիքը Հայկական բանակն է եւ ինքը՝ հայ ժողովուրդը»։