Գագիկ Ծառուկյանն ուզում է «տիրանալ» բռնցքամարտի ֆեդերացիային․ Արթուր Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեղադրել է, որ ԲՀԿ ղեկավարը ֆեդերացիայի շուրջ արհեստական լարվածություն է ստեղծում։ Այս մասին Արթուր Գևորգյանը գրում է իր ֆեյսբուքյան էջում:

«Կարծում եմ շատերին հայտնի է, թե այսօր ինչ է տեղի ունեցել սպորտի նախարարության շենքի դիմաց:
Այսօր տեղի ունեցածի առթիվ ցանկանում եմ մի քանի կարևոր հանգամանք արձանագրել:

Սպորտի նախարարը հեռախոսազրույցի միջոցով ցանկություն հայտնեց հանդիպել և բոլոր խնդիրները քննարկել և նշեց, որ հանդիպումը տեղի կունենա բողոքող անձանց ներկայացուցչի հետ: Սակայն հանդիպումը տեղի ունեցավ առանց այդ անձանց ներկայացուցիչների մասնակցության: 

Հետևություն. վերջիններս միանշանակ ուղղորդվում են ՀԱՕԿ նախագահի կողմից և արհեստածին լարվածությունը ստեղծում է հենց Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով նաև «տիրանալ» ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային:

Մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք պետք է արձանագրել:

Այսօր նախարարի հետ հանդիպմանը երկուստեք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով, սակայն նախարարի հետ հանդիպման ժամանակ երկուստեք քննարկածը և արձանագրածը որևէ կերպ չի արտացոլում նախարարության պաշտոնական հայտարարության բովանդակությունը: Պատահական չէ, որ նախարարը խուսափեց քննարկման հրապարակայնությունից, քանի որ խոսեցինք մի բան, սակայն հայտարարեց մեկ ուրիշ բան:

Հետևություն. նախարարը, ինչպես միշտ ուղղորդվում է Գագիկ Ծառուկյանի կողմից:
Այժմ անդրադառնանք նախարարության պաշտոնական հայտարարությանը (տես՝ www.hraparak.am/…/սպորտի-նախարարության-հայտարարությունը-հբֆ…), որով արհեստածին խնդրի կարգավորումը տեսնում են արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությամբ։ Դրա վերաբերյալ հարկ եմ համարում նշել, որ, Ֆեդերացիայի կանոնադրության 12.2 կետի համաձայն, ընտրությունների ընթացակարգը պետք է հաստատվի ԱԻԲԱ-ի կողմից: Իսկ 13.2 կետի համաձայն՝ ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ֆեդերացիայի կառուցվածքը, ներկայացվում են ԱԻԲԱ-ի վերջնական հաստատմանը և ճանաչմանը:

Միանշանակ արձանագրենք, որ ԱԻԲԱ-ն հաստատել և ճանաչել է ընտրությունների արդյունքները (ապացույցները բազմիցս ներկայացվել են), ուստի արտահերթ ընտրություններ անցկացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը բացակայում է:

Ավելին, կանոնադրության 10.5.7. կետի համաձայն՝ համաժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Այսինքն՝ կանոնադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգը անտեսելով՝ բողոքավորները և նախարարությունը, առանց որևէ ծանրակշիռ փաստարկ ներկայացնելու, առաջարկում են անցկացնել արտահերթ ընտրություններ:

Հայտարարության տեքստի մեջ առնվազն տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ նախարարը ընդգծել է մեկ այլ ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպման փաստը, որը որևէ ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Այսինքն՝ պետք է ենթադրել, որ նախարարը ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի խնդիրների առնչությամբ հաշվի է առնում նաև այլ ֆեդերացիաների նախագահների կարծիքները, առավել ևս այն պարագայում, որ այդ ֆեդերացիայի նախագահը չի հանդիսանում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ:

Եթե Գագիկ Ծառուկյանն իր խոստացած ֆեդերացիան հիմնադրել է, ապա թող բարի լինի զարգացնի այդ ֆեդերացիան:

Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ անթերի ոչինչ չի լինում, իսկ թերությունների դեպքում պատրաստ ենք ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամի հետ քննարկել ցանկացած խնդիր և ողջամիտ ու առարկայական լուծումներ գտնել:

Հարգանքով՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Ա.Գևորգյան»,-ասված է հայտարարության մեջ։