Կարևորում եմ ՔԿՀ-ներում պատիժը կրողների սոցիալական վերաինտեգրումը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ հոկտեմբերի 19-ը նշվում է որպես քրեակատարողական ծառայողի օր:

Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ քրեակատարողական ծառայությունների աշխատանքը չափազանց կարեւոր է ազգային, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում անվտանգության մարտահրավերների հաղթահարման, օրինականության ապահովման, հանցավորության դեմ պայքարի ոլորտներում, եւ ԱՊՀ շրջանակում համագործակցության խորացումը կնպաստի միջպետական կապերի հետագա ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է քրեակատարողական ծառայությունների գործունեության շարունակական բարելավման եւ ժամանակակից չափանիշներին համապատասխանեցման, փորձի փոխանակման, աշխատակիցների վերապատրաստման, ՔԿՀ-ներում պատիժը կրող անձանց սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով գործակցության ընդլայնումը:

Հանդիպման մասնակիցների անունից շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար՝ ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Գենադի Կորնիենկոն արդյունավետ է գնահատել ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությունը: Նա վստահեցրել է, որ խորհուրդը շարունակելու է ակտիվ աշխատել եւ արդյունքներ արձանագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի նշած ոլորտներում ընդհանուր քաղաքականության մշակման, տեղեկատվության եւ փորձի փոխանակման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, դատապարտյալների սոցիալական ինտեգրման, կադրերի վերապատրաստման եւ այլ ուղղություններով: