Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News       

Խորեն Հովհաննիսյան

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական – հայկական ֆուտբոլի դեսպան: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ֆուտբոլիստը: Նա նշեց, որ աշխատանքն ստանձնել է երեկվանից՝ հունվարի 15-ից:

2019թ. դեկտեմբերին Հովհաննիսյանն իր թեկնածությունն էր դրել ՀՖՖ նախագահի ընտրություններում, սակայն վերջին պահին հանեց թեկնածությունը եւ իր աջակցությունը հայտնեց Արեմն Մելիքբեկյանին, որն էլ ի վերջո ընտրվեց: Այն ժամանակ Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը հայտնել էր, որ կիսում է հայկական ֆուտբոլի զարգամցման վեարբերյալ Մելիքբեկյանի տեսակետները:

«Գրեթե համընկնում են: Չեմ ասի ամբողջությամբ, բայց մեծ մասը համընկնում են: Դրա համար էլ համաձայնություն տվեցի, որ աշխատենք»,- ասաց նա:

Թեկնածությունը հանելու որոշումը Հովհաննիսյանը կայացրել էր Մելիքբեկյանի հետ հանդիպումից հետո: Նա, սակայն, ընդգծում է, որ այդ ժամանակ ոչ մի առաջարկ չի եղել, որ ինքն աջակցի Մելիքբեկյանին ու հետո աշխատանքի անցնի ՀՖՖ-ում:

«Ո՛չ: Հանդիպման ընթացքում մենք ոչինչ չենք որոշել: 2-ի հետ էլ հանդիպել ենք՝ ե՛ւ իր, ե՛ւ Թովմաս Գրիգորյանի: Վերջին օրերին էլ ես արդեն տեսա՝ ինչ է այնտեղ, ասացի՝ ավելի լավ է երիտասարդի ճանապարհ տանք: Իրար ավելի լավ հասկացանք... Ոչինչ չի եղել: Ոչ գործ ենք խոսք տվել, ոչ աշխատանք, ոչ ես եմ իրեն խոսք տվել, ոչ էլ ինքը ինձ»,- ասաց նա:

Հովհաննիսյանը Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Անի» ֆուտբոլային ակումբի սեփականետրն ու նախագահն է: Նա վստահ է, որ այս առումով շահերի բախում չի լինի: Ասում է, որ պատրաստվում է ուրիշին հանձնել ակումբը, սակայն կվաճառի, թե ոչ, չգիտի: Վերջնական որոշում է կայացնելու ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի վերջում:

Նա արդեն գործի է անցել նոր պաշտոնում: Այսօր ՀՖՖ ղեկավար կազմի հետ այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 2  բնակավայրերում՝ Ծովագյուղում եւ Լճաշենում, բացվել են 20x40 չափի հերթական խաղադաշտերը:

Աղբյուրը՝  «Հայկական ժամանակ»։