ԵՄ-ն հետևում է ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների ընթացքին․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

քաղաքական

Եվրոպական միությունը միջազգային այլ կառույցների նման ուշի ուշով հետեւում է զարգացումների ընթացքին։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հետեւում են Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ տեսնում են արդյոք Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնման տարրեր։ 

«Բնականաբար Եվրոպական միությունը միջազգային այլ կառույցների նման ուշի ուշով հետեւում է զարգացումների ընթացքին, սակայն ընթացիկ գործերը մենք չենք մեկնաբանում։

Միայն մեկ բան, որը կարծում եմ կարեւոր է՝ տեղյակ ենք, որ Արդարադատության նախարարությունը սերտ շփումների մեջ է միջազգային կառույցների հետ, եւ մասնավորապես շփումների մեջ է Եվրոպայի խորհրդի հետ եւս»,-նշեց նա։

Դիտարկմանը, որ նախկինում ներքաղաքական հարցերի վերաբերյալ ԵՄ-ն պարբերաբար հայտարարություններով էր հանդես գալիս, հիմա՝ ոչ, հիմա մտահոգված չի ԵՄ-ն, դեսպանն ասաց․ «Ես չեմ կարող խոսել այն մասին, թե նախորդ դեսպանն ինչ են արել, բայց եթե մենք հայտարարություն ենք անում, այն հստակ դեպքերում է, բայց մենք չենք միջամտում եւ ես կզարմանայի, որ կոնկրետ ընթացիկ գործով լիներ միջամտություն։ Սակայն ավելի արդիական մեկ բան ասեմ, որ դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ կան էական ջանքեր, եւ ԵՄ-ն սատարում է դրան, այդ հանագամանքն է, որ մեզ համար շատ կարեւոր է։

Ես ուզում եմ ընդգծել, որ ես այս երկիրը գիտեմ շուրջ 10 տարի, ես աշխատել եմ առաջին օմբուդսմենի հետ, ես տեսնում եմ հետաքրքրություն եւ սերտ համագործակցություն մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»։

Տեսանյութեր

Live

Լրահոս