Կանադայում 104 տարեկանում կյանքից հեռացել է ցեղասպանությունը վերապրած Եվգենյա Փափազյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

հայ
Asbarez.com-ը գրում է, որ հունվարի 14-ին Կանադայի Տորոնտո քաղաքում 104 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներից Եվգենյա Փափազյանը։

Նա ծնվել է Թուրքիայում 1915 թվականին, երբեք չի տեսել իր ծնողներին: Հայրը 1915-ին բանակ գնալուց հետո այլևս չի վերադարձել, իսկ մայրը մահացել է աղջկա ծնվելուց հետո: 1915-ին հայերի զանգվածային տեղահանումների սկսվելուց հետո, նրա ընտանիքը փախել է լեռներ. այդ ժամանակ ընտանիքի հարսը հղի է եղել Եվգենյայով, որին ծննդաբերել է ձորում: Կնոջը խորհուրդ են տվել նորածնին թողնել ճանապարհին՝ հասկացնելով, որ իրենց շատ ծանր ժամանակներ են սպասվում: Սակայն կինը չի համաձայնել՝ նշելով, որ դա Աստծո դեմ մեծ մեղք կլինի: Ծննդաբերությունից որոշ ժամանակ անց կինը հյուծվածության պատճառով մահացել է:

Եվգենյա Փափազյանը բազմանդամ ընտանիք է ունեցել, սակայն հարազատներից որևէ մեկին չի հանդիպել, քանի որ մոր մահից հետո հայտնվել է մանկատանը: Դրանից հետո սկսվել է Փափազյանի «ոդիսականը» Հունաստանի մանկատներով: Որոշ ժամանակ անց մի հայազգի զույգ Փափազյանին որդեգրել է ու Կահիրե տեղափոխել: Այնտեղ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն և 15 տարեկանում ամուսնացել: